«Մարդիկ ավելի շատ լավն են, քան վատը, կյանքն իրոք ամենաթանկն է աշխարհում ու ամենափոքր բաների մեջ պետք է գտնել մեր ուրախությունը։
Շարունակում եմ անել այն, ինչն ինձ հոգեհարազատ է՝ նոր գիտելիք եմ ձեռքբերում, զբաղվում եմ ինքնակրթությամբ, իմ կյանքն անընդհատ ընթացքի մեջ է։ Կարիերայի երբեք չեմ ձգտել, մեծ ու ահռելի բարձունքների ևս, սիրում եմ փոքր տեղեր, նոր գործեր ու դժվար խնդիրներ, որոնք ոչ մեկն հանձն չի առնել լուծել։
Կյանքի կարևորագույն արժեքները ազնվությունն է ու խաղաղությունը։ Անսահման հարգում եմ ազնվությունը, սիրում և հիանում խելացի մարդկանցով։ Շատ եմ սիրում աշխատել, անդադար աշխատել, ուղղակի այն պետք է լինի հետաքրքիր, արդյունավետ ու մարդկանց օգտակար։ Պետք չէ արժևորել միայն քեզ, հաճախ անհրաժեշտ է մի կողմ քաշվել և տեսնել թե ինչպես է քո աշխատանքը տալիս ցանկալի պտուղներ ու արդյունքներ։
Շատ ուժեղ եմ, համառ, անսահման համբերատար, արդարության ծայրահեղ զգացողությամբ լեցուն։ Ես չեմ ուզում նմանվել ինչ որ մեկին ու համարում եմ, որ իմ մարդ տեսակը շրջապատի համար այնքան էլ վատը չէ։ Պատասխանատվության զգացում ունեմ իմ շրջապատի մարդկանց նկատմամբ ու դա ինձ ստիպում է, որ ես լինեմ շատ ուժեղ, անում եմ ամեն ինչ, որպեսզի բոլորի համար հարմարավետ դարձնեմ իրենց գոյությունը իմ շրջապատում։ Կան մարդիկ, որոնց նվիրումը ինձ ուժ է տալիս, երբ ինձ օգնություն է պետք գտնվում են մարդիկ, ովքեր ինձ օգտակար են լինում, իսկ դա առաջին հերթին իմ աղջիկն է՝ աշխարհի ամենամեծ նվերը իմ համար, ում սերն ու նվիրումը ինձ ապրելու ու ժպտալու, իմ կյանքն արժեվորելու, նոր ուղիներ գտնելու և բարիք ստեղծելու հնարավորություն է տալիս։
Մասնագիտությամբ սննդի հիգիենիստ եմ, մասնակցել եմ մի շարք համաճարակաբանի, պալիատիվ բժշկի և գերոնտոլոգիայի վերապատրաստումների։ Աշխատել եմ «Մխիթար Հերացու» անվան ԵրՊԲՀ գիտական և Էրեբունու տարածքային փորձագիտական կենտրոններում, անօթևանների ժամանակավոր կացարանում, այնուհետև թիվ 1 տուն ինտերնատում, որպես բուժծառայության պետ։ Այս հաստատություններում երբ հիվանդը չունի ոչ մի հարազատ, նորմալ ախտորոշում, ոչ մի պայման ու ֆինանսական միջոցներ ու դու սկսում ես քո աշխատանքը ամենասկզբից ու անում ամեն հնարավորը, որ մարդուն օգնես։ Ես համարում եմ դա փոքր գործ մի կաթիլ օվկիանոսի մեջ, սակայն դրա շնորհիվ ոչ քիչ թվով անհույս վիճակների լուծում է տրվել։
Որպես կայացած ու լիարժեք անձ և ինքնադրսևորված մասնագետ ինձ տեսնում եմ սոցիալական ծրագրերում։ Դա այն աշխատանքն է, որտեղ անշահախնդիր ես և ամբողջ էներգիան նվիրում ես քո աշխատանքին։ Երկար տարիներ աշխատել եմ տարեցների հետ, նրանք զգացել են իմ անշահախնդիր նվիրումն ու վստահությունը․ երբեմն կարելի է մարդուն օգնել շատ պարզ ձևերով, ավելի հեշտ քայլերով։
Տարեց և հիշողության հետ խնդիր ունեցող մարդու համար ամենակարևորը պիտանի զգալն է, պետք է այդ զգացողությունը փոխանցել։ Նրանց համար հիմնականը խնամքն է և կարեկից վերաբերմունքը, որովհետև եթե նրանք նույնիսկ մոռանում են ձեր անունը, չեն մոռանում այն զգացողությունը, որ դուք տալիս եք իրենց կողքին լինելով և խնամելով։
«Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության աշխատանքներին միացել եմ սկզբից, Երևանի և մարզերի առաջնային օղակի և ընտանեկան բժիշկների համար կազմակերպում եմ դեմենցիայի և Ալցհայմերի հիվանդության մասին դասընթացներ, որոնց ընթացքում ներկայացնում եմ հիվանդության տեսակները, ախտորոշման մեթոդները, հիշողության թեստավորման և գնահատման թեստերի տեսակները, որոնց միջոցով ստուգվում են մարդու ճանաչողական ֆունկցիաները և տեղեկատվություն, որը անհրաժեշտ է հիվանդություն ունեցող և հիվանդին խնամող անձին։
Ես համոզված եմ, որ մեր ծրագրի իրականացման ընթացքում մենք կհասնենք լավագույն արդյունքների։ Ալցհայմերի հիվանդության մասին իրազեկման միջոցով պետք է հասնենք նրան, որ մարդիկ չամաչեն այդ հիվանդությունից, դիմեն բժշկի և օգնության։
Բոլորս էլ մահկանացուներ ենք և բոլոր հիվանդություններն էլ տանում եմ դեպի մահվան, չկան անհարմար և հարմար հիվանդություններ։ Երբ հայտնվում ենք որևէ խնդրի առաջ, ավելի լավ է խնդրի աչքերի մեջ նայել և փորձել ժամանակին ինչ որ ձև կարգավորել այն, քան թե աչքերը փակել ու այն մեծացնել։ Հավատացեք, չկա այնպիսի պրոբլեմ, որ մարդ չկարողանա լուծել։ Եթե ժամանակին կանխարգելվի հիվանդությունը, շրջապատի համար ևս հեշտ կլինի օգնել նրան ու խնամել, իսկ ամենակարևորը պետք չէ որևէ կերպ ամաչել մեր հարազատների հիվանդության համար։
Եվ նորից կուզեի ասել․ Մարդիկ ավելի շատ լավն են, քան վատը, կյանքն իրոք ամենաթանկն է աշխարհում ու ամենափոքր բաների մեջ պետք է գտնել մեր ուրախությունը»։
Սոնա Մխիթարյան
«Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության բժիշկ