World Alzheimer's Day Armenia Know Alzheimer's

Ալցհայմերի հիվանդությունը դատավճիռ չէ

Սեպտեմբերի 21-ն աշխարհում նշվում է որպես Ալցհայմերի հիվանդության դեմ պայքարի օր։ «Ալիք Մեդիա»-ն ներկայացնում է հոդվածների շարք՝ համագործակցելով «Ալցհայմերի խնամք Հայաստան» հասարակական կազմակերպության հետ։ Մեր տեսադաշտում են լինելու տարեցները, նրանց վերաբերող խնդիրները։

Մեր հերոսները լինելու են մարդիկ, որոնց պատմությունները ցույց են տալիս, որ ծերությունը դատավճիռ չէ, եւ կարելի է սիրով ու բերկրանքով անցնել երկարակեցության ճանապարհով։ Ներկայացնելու ենք նաեւ Ալցհայմերի հիվանդություն ունեցող տարեցների պատմությունները, որոնք կարող են ուղենշային լինել դեմենցիա (ծերունական թուլամտություն) ունեցող բազմաթիվ մարդկանց համար։

Հայաստանում շատերը չգիտեն՝ ինչ է Ալցհայմերի հիվանդությունը, տեղեկություն չունեն դեմենցիայի (ծերունական թուլամտություն) տեսակների, փուլերի ու կանխարգելման վերաբերյալ եւ հաճախ հիշողության խնդիրներն ընկալում են որպես ծերացման բաղադրիչ։

Պրակտիկան ցույց է տալիս, որ մարդիկ բժշկի են դիմում այն ժամանակ, երբ արդեն հնարավոր չէ կանխարգելել հիվանդությունը կամ բարելավել հիվանդի կյանքի որակը։ Սեպտեմբերի 21-ն աշխարհում նշվում է որպես Ալցհայմերի հիվանդության իրազեկման, այս հիվանդության դեմ պայքարի օր։ Զարգացած երկրներում Ալցհայմերի հիվանդության դեմ ակտիվ եւ արդյունավետ պայքարի շնորհիվ հնարավոր է դառնում դեմենցիա ունեցող տարեցների կյանքի որակը բարելավել, հիվանդության ընթացքը հնարավորինս դանդաղեցնել։

2017 թվականին ամերիկահայ ծերաբույժ Ջեյն Մահաքյանը հայրենիքում հիմնադրեց «Ալցհայմերի խնամք Հայաստան» հասարակական կազմակերպությունը՝ նպատակ ունենալով բարձրացնելու իրազեկության մակարդակը եւ զարգացնելու կայուն ծրագրեր եւ ծառայություններ Հայաստանում Ալցհայմերի հիվանդություն ունեցող մարդկանց եւ նրանց ընտանիքների համար։

Կազմակերպության գլխամասային գրասենյակը ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Կլեմենտե քաղաքում է, շահույթ չի հետապնդում։ Բժիշկ Մահաքյանը Հայաստանում տարեցների խնամքի ծրագրերի իրագործման եւ Ալցհայմերի հիվանդության մասին իրազեկության բարձրացման առաջամարտիկն է։ Նա Ալցհայմերի հիվանդություն ունեցող անձանց խնամողների համար նախատեսված «Ես լսում եմ քեզ» գործնական ուղեցույցի հեղինակն է։

«Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը 2018 թվականի հոկտեմբերին Երեւանի պետական բժշկական համալսարանում կազմակերպեց «Օգնենք Հայաստանին պայքարել Ալցհայմերի հիվանդության խնդիրների դեմ» խորագրով միջազգային համաժողով, որի նպատակն էր իրազեկման եւ կրթության միջոցով օգնել Հայաստանին՝ բարձրացնելու Ալցհայմերի հիվանդության վերաբերյալ իրազեկման եւ հիվանդների խնամքի մակարդակը:

Համաժողովին ներկա էին թե՛ հայ, թե՛ օտարերկրացի մասնագետներ: Համաժողովից հետո «Ալցհայմերի խնամք Հայաստան» ծրագիրը նոր թափ առավ։ Ծագրի ղեկավար Օֆելյա Կամավոսյանը «Ալիք Մեդիա»-ին մանրամասնում է՝ ծրագրի առաքելությունն է բարձրացնել Հայաստանում Ալցհայմերի հիվանդություն ունեցող մարդկանց խնամքի վերաբերյալ իրազեկությունը եւ առաջարկել լուծումներ: Դրան հասնելու ուղիներից մեկը հիշողության կորուստ ունեցող մարդկանց եւ նրանց ընտանիքների համար կայուն ծրագրեր եւ ծառայություններ ստեղծելն է:

«Մենք սերտորեն համագործակցում ենք պետական մարմինների՝ առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների հետ։ Բազմաթիվ գործընկերներ ունենք, աշխատում ենք «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի հետ, մշակում ենք նոր ծրագրեր, որոնք բարձրացնում են ծերունական թուլամտություն ունեցող անձանց խնամքի որակը։ Ալցհայմերի հիվանդությունը եւ դեմենցիայի այլ տեսակները Հայաստանում տարածված են եւ աճ են գրանցում։ Մեր տեսլականը, նպատակը Հայաստանում Ալցհայմերի հիվանդություն ունեցող մարդկանց եւ նրանց ընտանիքների կյանքի որակը բարձրացնելն է»,- ասում է Օֆելյա Կամավոսյանը։
Հիշողության ակումբներ տարեցների համար

«Ալցհայմերի խնամք Հայաստան» ՀԿ-ն հիմնադրելուց հետո ACA ՀԿ նախագահ, գերոնտոլոգ, 30 տարի «հիշողության կորստի ոլորտում» աշխատած ամերիկահայ բժիշկ Ջեյն Մահաքյանը որոշեց Հայաստանում հիշողության ակումբներ ստեղծել եւ 2019-ին Վանաձորում գտնվող «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հետ պիլոտային ծրագիր անցկացրեց։

«Տարեցները սկսեցին հաճախել հիշողության ակումբ, որտեղ սնվում էին, դասերի մասնակցում, ձեռքի աշխատանքներ պատրաստում, երեխաների ու մասնագետների հետ շփվում, տարբեր խաղեր խաղում։ Կային տարեցներ, որոնք միշտ դժգոհ էին կամ ագրեսիվ վարքագիծ ունեին, բայց հիշողության ակումբ այցելելուց հետո նրանց վարքագիծը փոխվեց․ դեմենցիայի դեմ արդյունավետ պայքարի միջոցներից մեկը հենց այդպիսի ջերմ շփումներն են։ Այդ պիլոտային ծրագիրը հաջողությամբ անցկացնելուց հետո «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի գրասենյակներում հիմնեցինք հիշողության ակումբներ»,- ասում է «Ալցհայմերի խնամք Հայաստանում» ծրագրի ղեկավարը։

Ավելի ուշ հիշողության ակումբ հիմնադրվեց նաեւ «Նորքի տուն-ինտերնատ»-ում։ Եթե ի հայտ է գալիս ճանաչողական ֆունկցիայի խախտում, ու մարդը հնարավորություն է ունենում հիշողության ակումբ հաճախելու, ծերացումն ասես դանդաղում է։

«Բազմաթիվ տարեցներ կեսաթոշակային տարիքի հասնելուց հետո աշխատանք, անելիք, զբաղմունք չեն ունենում, ու սա եւս բացասաբար է ազդում նրանց առողջության վրա․ հիշողության ակումբները լուծում են այս հարցը՝ ծերերին հնարավորություն ընձեռելով հետաքրքիր առօրյա ունենալու, նոր բաներ սովորելու»,- ասում է Օֆելյա Կամավոսյանը

 

«Առողջ ուղեղի հայկական ծրագիր»

Հունիսի 1-ից «Ալցհայմերի խնամք Հայաստան» ՀԿ-ն Դավոսի Ալցհայմերի համագործակցության ծրագրի շրջանակում իրականացնում է «Առողջ ուղեղի հայկական ծրագիր»-ը։ Այն ունի մոտ 15 հոգանոց միջդիսցիպլինար թիմ, որում ներառված են հոգեբան, սոցիալական աշխատող, բժիշկներ, բուժքույրեր, պալիատիվ խնամքի մասնագետներ։ Բացի թիմը ղեկավարող ծերաբույժ Ջեյն Մահաքյանից՝ որպես կլինիկական խորհրդատու՝ թիմում ներառված են նաեւ նյարդաբանության գծով ՀՀ ԱՆ խորհրդատու Սամսոն Խաչատրյանը եւ հոգեբուժության եւ բժշկական հոգեբանության գծով խորհրդատու Գեւորգ Փաշիկյանը։ «Այս ծրագիրը տեւելու է մեկ տարի։ Մասնագետների թիմը առաջնային օղակի բժիշկների համար անցկացնում է անվճար վերապատրաստման ծրագրեր։ Մասնագետներն այցելում են Երեւանում ու մարզերում գտնվող պոլիկլինիկաներ եւ թրեյնինգներ անցկացնում դեմենցիայի վերաբերյալ։

«Առողջ ուղեղի հայկական ծրագրի» թիմը

«Այս ծրագրի երկրորդ կարեւոր առաքելությունն էլ սքրինինգային ծրագիրն է՝ հիշողության գնահատում անցկացնելը եւ հիվանդությունն ախտորոշելը։ Դեմենցիայի առկայությունը եւ աստիճանը ստուգելու համար իրականացվում է հիշողության գնահատում հատուկ թեստի միջոցով․ դա հարցաթերթիկ է, որը լրացնում է պացիենտը։ Թեստը հնարավորություն է տալիս արագ ախտորոշելու հիվանդությունը»,- նշում է Օֆելյա Կամավոսյանը։

«Ալցհայմերի խնամք Հայաստան» ՀԿ-ն առողջապահական համակարգի պատրաստվածության ապահովման համար Դավոսի Ալցհայմերի համագործակցության առաջին համաշխարհային համատեղ դրամաշնորհային ծրագրի 12 շահառուներից է, եւ «Առողջ ուղեղի հայկական ծրագիրն» իրականացվում է հենց այս համագործակցության շրջանակում։ «Առողջ ուղեղի հայկական ծրագրի» իրականացմանն աջակցում են ՀՀ առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունները, իսկ ծրագրի գործընկերը «Հայկական ակնաբուժության նախագիծ»-ն է։

Ինչպես հայտնի է, Հայաստանում պարզապես հետազոտություն անցնելու համար բժշկին դիմելու մշակույթն այնքան էլ տարածված չէ, առավել եւս, երբ խոսքը վերաբերում է հիշողությունը գնահատող թեստավորում անցնելուն։ Մասնագետները ելքը գտել են։ «Հայկական ակնաբուժության նախագիծ»-ը հետազոտություններ է անցկացնում Երեւանում ու մարզերում, իսկ «Առողջ ուղեղի հայկական ծրագիր»-ը միացել է այդ նախագծին։ Քաղաքացին ստուգում է տեսողությունը, դրանից հետո նրան առաջարկում են հիշողությունն էլ ստուգել թեստի միջոցով։ Նա իր համաձայնությամբ կարող է այդ թեստավորումն անցնել։

Հոդվածն ամբողջությամբ՝ Ալիք Մեդիա