Արագածոտնի մարզ — «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը եւ «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը համագործակցում են՝ նպաստելու մեծահասակների առողջության բարելավմանը: Համագործակցության շրջանակներում Հայկական ակնաբուժության նախագծի կողմից ՀՀ ողջ տարածքում կազմակերպվող ակնային զննումներին եւ շաքարային դիաբետ ունեցողների հետազոտությանը զուգահեռ Ալցհայմերի խնամք Հայաստանը տարբեր բնակավայրերում իրականացնում է հիշողության գնահատում 40-ից բարձր տարիքի անձանց շրջանում։
2021 թվականի հունիսից «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը սկսեց համագործակցել Հայկական ակնաբուժության նախագծի հետ և ընդլայնել Ալցհայմերի հիվանդություն ունեցող անձանց համար նախատեսված ծրագրերի
շրջանակը։ Հայկական ակնաբուժության նախագծի կողմից իրականացվող ակնային խորացված հետազոտություններին զուգահեռ քաղաքացիներին առաջարկվում է նաև հիշողության ստուգում՝ «Առողջ ուղեղի հայկական ծրագրի» սքրինինգային թեստի միջոցով։
Համագործակցության առաջին փուլում «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունն աշխատել է Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան, Եղվարդ շրջանների այն բոլոր բնակավայրերում, որտեղ հունիսից նոյեմբեր ամիսներին Հայկական ակնաբուժության նախագիծն իրականացրել է ակնային զննումներ։
Երկու կազմակերպությունների հաջողված համագործակցությունը նոր փուլ է մուտք գործում, և մարտ ամսից սկսած «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության մասնագետները Հայկական ակնաբուժության նախագծի հետ հիշողության գնահատման թեստավորում կիրականացնեն Արագածոտնի մարզում։
Այս համագործակցության շնորհիվ մեծահասակները հնարավորություն են ստանում մեկ այցով հետազոտվել ակնային տարբեր հիվանդությունների, նախադիաբետի, շաքարային դիաբետի, Ալցհայմերի կամ դեմենցիայի այլ դրսևորումների վաղ
հայտնաբերման համար, ինչի արդյունքում կիրականացվի ժամանակին բուժում, եւ կբարելավվնի կյանքի որակը։
«Բժշկական գիտության զարգացումը հանգեցնում է տարբեր հիվանդությունների միջեւ եղած կապերի հայտնաբերմանը: Այս առումով մեր համագործակցությունն ընդլայնման հետաքրքիր հեռանկար ունի՝ հաշվի առնելով երկու կազմակերպություններիփորձառությունը եւ ներուժը», — ասաց «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Նունե Եղիազարյանը:
«Ալցհայմերի Խնամք Հայաստան» ՀԿ-ի համագործակցությունը «Հայկական ակնաբուժության նախագծի» հետ մեզ հնարավարություն է տվել իրականացնել հիշողության գնահատումներ հազարավոր մարդկանց համար Հայաստանի տարբեր
համայնքներում, քանի որ աչքի և ուղեղի միջև կապը շատ ամուր է և դրանք կարող են մեծապես ազդել միմյանց վրա: Մենք շատ երախտապարտ ենք այս հնարավորության համար»,- նշեց «Ալցհայմերի Խնամք Հայաստան» ՀԿ–ի հիմնադիր, ղեկավար դոկտոր Ջեյն Մահաքյանը։
«Ալցհայմերի խնամք Հայաստան» ՀԿ-ն առողջապահական համակարգի պատրաստվածության ապահովման համար Դավոսի Ալցհայմերի համագործակցության առաջին համաշխարհային համատեղ դրամաշնորհային ծրագրի 12 շահառուներից է, և
«Առողջ ուղեղի հայկական ծրագիրն» իրականացվում է հենց այս համագործակցության շրջանակում։ «Առողջ ուղեղի հայկական ծրագրի» իրականացմանն աջակցում են ՀՀ առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունները:
«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը Հայաստանում իր գորունեության ավելի քան 30 տարիների ընթացքում համագործակցում է տարբեր գործընկերների հետ՝ նպաստելու ձեռքբերովի կուրության կանխարգելմանը եւ բարելավելու երկրում առողջապահական համակարգը:
2023-03-21