paliative care պալիատիվ խնամք

«Երկրորդ շնչառություն»․ Դիանա Բեգլարյան

 

«Պալիատիվ բժշկությունը, հայերենով ասում ենք ամոքիչ բուժօգնություն, քողարկում է հիմնական հիվանդության ախտանշանները և հիվանդի գանգատները, մեղմում է ցավային երևույթները, և հիվանդի կյանքի որակն ավելի լավն է դարձնում», — ասում է «Երկրորդ շնչառություն» ռադիոհաղորդման հյուր, «Խնամի» պալիատիվ բուժօգնության կենտրոնի տնօրեն Դիանա Բեգլարյանը՝ ավելացնելով, որ պալիատիվ բուժօգնությունը նախատեսված է ինչպես քաղցկեղ, ինսուլտ ունեցող հիվանդների համար, այնպես էլ այն տարեց մարդկանց համար, ում անհրաժեշտ է խնամել և օգնել, որ նշանակված դեղորայքը պատշաճ ընդունվի։

Մասնագիտացված կլինիկաներում պալիատիվ բուժօգության և ծառայությունների տրամադրումը մեզանում նոր երևույթներ են։ Հայաստանում մարդկանց մեծ մասը գերադասում է հիվանդ հարազատին մինչև կյանքի վերջը խնամել տանը։ Պատճառները երկուսն են՝ կարծրատիպը և ֆինանսական միջոցների սղությունը։

Բժիշկ Բեգլարյանի խոսքով, պալիատիվ բուժօգնության անհրաժեշտ է դիմել հիմնական բուժումներին զուգահեռ, իսկ ժամանակի ընթացքում այն ամբողջությամբ փոխարինում է հիմնական բուժմանը։

«Երբ քաղցկեղ ունեցող հիվանդի օրգանիզմի ռեսուրսներն են սպառվում և դեղորայքային բուժման հնարավորությունները, բժիշկն ասում է, որ այլևս անելիք չկա, բուժառուն արդեն ամբողջությամբ պալիատիվ բաժանմունքի հոգածության ներքո է», — բացատրում է Օֆելյա Կամավոսյանի զրուցակիցը։

Ի տարբերություն հիվանդանոցային բուժման, որի նպատակը հիվանդին բուժել և ոտքի կանգնեցնելն է, պալիատիվ բուժօգնությունը ներառում է ավելի շատ խնամք և հոգատարություն, որ այսօրվա կյանքը լինի առանց ցավի ու որակյալ։

Պալիատիվ բուժօգնության կենտրոններում հատուկ փրփուրներով մշակում են պառկելախոցերը, կիրառում են հակապառկելախոսային ներքնակներ, ունեն լոգանքի հատուկ հարմարանքներ և այլն։

Տիկին Բեգլարյանը հավատացնում է, որ բուժառուի պես իրենց աջակցության կարիքն ունեն նաև ընտանիքի անդամներն ու հարազատները։ «Մեզ մոտ նրանք հասկանում են, որ իրենց պատուհասած դժվարությունները լուծելու ճանապարհին մենակ չեն, մենք իրենց կողքին ենք։ Ուշադրության կենտրոնում, իհարկե, հիվանդն է, բայց հարազատներն էլ են զգում մեր աջակցությունը։ Շատ կարևոր է խնամողի այսպես ասած «արձակուրդը», երբ խնամատարն արդեն ամբողջովին սպառված է, գոնե երկու շաբաթով հիվանդին կենտրոն են բերում, որպեսզի խնամողը հանգստանա, ուժ հավաքի ու կարողանա շարունակել»,- ասում է բժիշկը՝ ընդգծելով, որ պալիատիվ բաժանմունքում առանձնահատուկ կարևորվում է բարեհամբույր և սիրալիր մոտեցումը հիվանդների և նրանց խնամատարների հանդեպ։

Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, ապա միջին հաշվարկով օրական խնամքի արժեքը 25․000 դրամ է։ Սա, ըստ բանախոսի, այսօր սա հասանելի չէ այն բոլոր ընտանիքներին, որ դրա կարիքն ունեն, բայց ժամանակի ընթացքում պետությունը, բարեգործական հիմնադրամները հնարավորություն են ունենալու օգնել ընտանիքներին, և մարդիկ մենակ չեն մնա իրենց հարազատի խնամքի կազմակերպման հարցում։